Ռուդոլֆ Զաբռոդին

Հոգեբան, թրեյնինգավար, ոչ ֆորմալ կրթության ուսուցանող, World Independent Youth Union Կազմակերպության անդամ, Գոլբոլի ՀՀ առաջնության առաջին մրցանակի գավաթակիր, «Հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարում առագաստանավային սպորտի գավաթակիր, ՀՀ հաշմանդամային սպորտի փառատոնի շրջանակներում լողի առաջին մրցանակակիր:
Ռուդոլֆ Զաբռոդինը 11 տարեկանում ձեռք է բերում հաշմանդամություն, որից հետո կյանքի ընթացքը բնականաբար սկսում է այլ կերպ ընթանալ: Դա մի ժամանակ է, երբ մարդու հետագա կյանքը միայն իր ձեռքերում է`հանձնվել թե շարունակել զարգանալ, հանձնվել թե շարունակել ապրել ու ապրեցնել...
Ռուդոլֆն ավարտել է կույրերի և թույլ տեսողությամբ երեխաների երեկոյան դպրոցը, այնուհետև 2007-2008 թթ. ընթացքում կամավորական աշխատանքներ է վարել Վիլնյուսի երրորդ մանկատանը, որի ընթացքում իր ծավալած ակտիվ գործունեության արդյունքում նպաստել է շատ երեխաների հոգեբանական ճիշտ զարգացմանը և իր կատարած աշխատանքի համար ստացել է շնորհակալագիր:
Վերադառնալով ՀՀ 2008- ին ընդունվել է Երևանի Հյուսիսային Համալսարանի հոգեբանության ֆակուլտետ, որտեղ երիտասարդության շրջանում որակի ապահովման հետազոտական ծրագիր անցկացնելու համար ստացել է շնորհակալագիր , ինչպես նաև լավագույն ուսանողի կոչում: Եղել է երիտասարդների փոխանակման ծրագրի ղեկավար, որը տեղի է ունեցել Լեհաստանում: 2012 -ին ավարտել է համալսարանը `ստանալով բակալավրի աստիճան, այնուհետև ընդունվել է Երևանի Պետական Համալսարան, որն ավարտել է Կարմիր դիպլոմով և ստացել է մագիստրոսի աստիճան: Անց է կացրել ավելի քան 340 թրեյնինգներ և բազմաթիվ սեմինարներ տարբեր համալսարաններում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Սպորտի բնագավառում ունի 11 շքանշան, հանդիսանում է Գոլբոլի բացարձակ չեմպիոն: Այսօր Ռուդոլֆն արդեն տասը տարի է, ինչ աշխատում է Հույսի Կամուրջ ՀԿ -ում, որպես շահերի պաշտպան, ուսուցանող - թրեյներ, խմբավար: Նրա հիմնական գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիարժեք ակտիվացմանն ու ներառմանը հասարակության մեջ: Ռուդոլֆն այժմ նաև ռադիո Մենքում հաղորդավար է, որտեղ վարում է «Հոգեբանությունը կյանքում» իր հեղինակային ծրագիրը: